ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Նախաձեռնությունն օգուտ է ինչպես բանկերին, այնպես էլ նրանց հաճախորդներին»

«Նախաձեռնությունն օգուտ է ինչպես բանկերին, այնպես էլ նրանց հաճախորդներին»
21.04.2015 | 00:06

Ավարտվեց 2015-ի առաջին եռամսյակը և, ինչպես ասում են՝ ժամանակն է «հաշիվ» ներկայացնելու։ Հարցն առավել կարևոր է դառնում, երբ խոսքը վերաբերում է բանկային համակարգին, քանի որ այն որոշակի չափով արտացոլում է նաև երկրի տնտեսական իրավիճակը։ Այս տարվա երեք ամիսների ընթացքում ինչպիսի՞ դրական և բացասական զարգացումներ են տեղի ունեցել ՀՀ բանկային համակարգում: Այս և դրամի փոխարժեքին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։

-Ինչպես, երևի, Դուք էլ եք նկատել, այս տարվա 1-ին եռամսյակն ամբողջովին ընթացել է բանկային համակարգի, մասնավորապես, դրամի փոխարժեքի կայունացման միտումների ներքո,- նշեց պարոն Ճզմաչյանը։- Չնայած տարբեր ասեկոսեներին, բանկերը շարունակում են վարկեր տրամադրել և՛ դրամով, և՛ արտարժույթով: Խոսենք թվերով. միայն ապրիլի առաջին շաբաթում Հայաստանի բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 40,1 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրած վարկերի ծավալը՝ 42,3 մլն դոլար: Ինչպես տեսնում եք, չնայած այն դատարկ պնդումներին, որ բանկերը, եթե նույնիսկ տրամադրում են վարկեր, ապա արտարժույթով, իմ բերած թվերը վկայում են, որ դրամային վարկերը երկու անգամ ավելի են: Դրական զարգացումների շարքում է նաև այն փաստը, որ Հայաստանի միջազգային համախառն պահուստները անցյալ տարվա և այս տարվա սկզբի կրճատումներից հետո ս.թ. մարտին ավելացել են շուրջ 18,3 %-ով, հասնելով գրեթե 1,5 մլրդ դոլարի: Նշածս փաստերը միանշանակ վկայում են, որ ՀՀ բանկային համակարգում և, ընդհանրապես, ֆինանսական ոլորտում գերիշխում են կայունացման միտումները:
-Վերջերս ՀՀ կառավարության և Ազգային ժողովի նախաձեռնությամբ ընդունվեցին մի շարք որոշումներ՝ բանկային ավանդների երաշխավորված հատուցման չափերի, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման, հիպոթեքային վարկերի հետ կապված: Ըստ Ձեզ, դրանք ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
-Այո, ՀՀ կառավարությունը սկզբունքորեն կողմ է ՀՀ ԿԲ-ի ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով 2,5 անգամ ավելացվում են ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդների հատուցման չափերը: Ըստ օրինագծի, 4 մլն դրամը միայն դրամային ավանդ ունենալու դեպքում դառնում է 10 մլն, իսկ 2 մլն դրամը միայն արտարժութային ավանդ ունենալու դեպքում՝ 5 մլն դրամին համարժեք գումար: Այս նախաձեռնությունը միանշանակ օգուտ է ինչպես բանկերին, այնպես էլ նրանց հաճախորդներին, քանի որ բարձրացնում է բնակչության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Կարծում եմ, այդ օրինագծի պատճառով բանկերում ինչ-որ չափով կավելանան փոքր և միջին ավանդները: Կառավարությունը նաև սահմանել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարկառուների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչը, ի միջի այլոց, տարածվում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: Սա էլ կակտիվացնի շինարարության և, համապատասխանաբար, հիպոթեքային վարկերի շուկան: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը, կարելի է միայն ողջունել կառավարության որոշումը, որով սուբսիդավորման տոկոսը հիմնականում 4 %-ից բարձրացվել է 6 %-ի: Դրանով իսկ գյուղացիների վարկերի մարման հոգսը էապես թեթևանում է:
-Ընդհանուր միջազգային տնտեսական միտումները, ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն կունենան դրամ-դոլար հարաբերակցության վրա:
-Կարծում եմ, նավթի միջազգային գները, ռուսական ռուբլին և, ընդհանրապես, ՌԴ-ի տնտեսությունը գտել են որոշակի հավասարակշռություն, ինչը կազդի մեր դրամի փոխարժեքի վրա էլ ավելի կայունանալու առումով: Մյուս կողմից, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգում, որը, ինչպես գիտեք, կենտրոնական բանկի համարժեքն է, ավելի և ավելի բարձր են լսվում այն մասնագետների ձայները, ովքեր կողմ են բազային (վերաֆինանսավորման) տոկոսադրույքի բարձրացմանը: Ըստ երևույթին, դա կկատարվի տարվա կեսերին կամ վերջում, իսկ դա կարող է հանգեցնել ԱՄՆ դոլարի ոչ մեծ չափով արժևորմանն այլ արտարժույթների, ներառյալ մեր դրամը, նկատմամբ: Համոզված եմ, որ դրամի տատանողականությունն այս կամ այն կողմ կլինի սահուն և չափազանց փոքր չափերի:
-ՌԴ-ի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողել ռուբլու վրա, ինչը ՌԴ-ին ստիպել է ժամանակից շուտ բարձրաձայնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև միասնական արժույթի հաստատման հարցը: Նման սցենարի զարգացումն ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ բանկային համակարգի վրա:
-Բազմիցս նշել եմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական արժույթին անցնելու հարցը ներկա պահին օրակարգային չէ և կարող է ծագել ոչ մոտ ապագայում: Ամբողջ միջազգային փորձը, այդ թվում` եվրոյի ներդրումը ԵՄ-ի տարածքի մի մասում, ցույց է տալիս, որ մինչև միասնական արժույթին անցնելը համապատասխան երկրները պետք է հասնեն տարբեր ոլորտներում ինտեգրման բարձր մակարդակի: Այնպես որ մեզ այդ ճանապարհին դեռ սպասում է մեծ աշխատանք, մասնավորապես, մեր ֆինանսա-բանկային հատվածների կարգավորումների մոտեցման ուղղությամբ: Էլ չեմ ասում ԵԱՏՄ բոլոր անդամ-երկրների մակրոտնտեսական ցուցանիշները նմանատիպ չափերի բերելու մասին:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ